ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
29 Սեպտեմբերի 2020

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանի կոչը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանի կոչը

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՔԱ´Ջ ՄԱՐՏԻԿՆԵՐ

Հակառակորդը հարձակում է սանձազերծել մեր Հայրենիքի նկատմամբ՝ օգտագործելով իր զինանոցում առկա բոլոր զինատեսակները: Այս պահին կենաց- մահու մարտեր են ընթանում առաջնագծի ողջ երկայնքով: Հայոց քաջարի զինվորները ջախջախիչ հարվածներ են հասցնում թշնամու ստորաբաժանումներին՝ չխնայելով նույնիսկ իրենց կյանքը: Հազարամյակներ շարունակ հայը ապրել է այս հողի վրա և ապրելու է, սա մեր պատմական Հայրենիքն է, մեր տունը: Եվ այժմ, առավել քան երբեք, հզոր ենք, միասնական և համախմբված:

Մենք մասն ենք ՀՀ փառապանծ և հաղթանակած Զինված ուժերի, և իրականացնում ենք մեր առջև դրված բոլոր մարտական խնդիրները, պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել նրա յուրաքանչյուր թիզ հողը, լինել կենդանի պատնեշ հայրենիքի և թշնամու միջև: Միևնույն ժամանակ պատվով իրականացնում ենք հայրենի սահմանների պահպանության առաքելությունը՝ անառիկ պահելով ՀՀ Պետական Սահմանը:

Իմ զինակից ընկերներ, վստահ եմ, միմյանց գերազանցելով քաջությամբ և վճռականությամբ, կկատարեք Ձեր առջև դրված սուրբ առաքելությունը: Նախնյաց անպարտ ոգին՝ սկսած Ավարայրից, Սարդարապատից ու Շուշիից զորացնում է մեզ:

Եվ ուրեմն ցույց տանք թշնամուն հայոց բազկի ուժը: Մենք կերտելու ենք մեր վերջնական հաղթանակը՝ վասն հայրենյաց, ի փառս Աստծո:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ: